ԻՆՉ ԿՏԱ << ՅՈԹԵՐՈՐԴ ԱԼԻՔԸ >>

11:57 - 24 Հուլ, 2024

Ժամանակակից օլիմպիական խաղերում Հայաստանի ազատ ըմբշամարտի  ներկայացուցիչներից առաջինը մեդալակիր է դարձել աշխարհի եռակի գավաթակիր, Եվորպայի և ԽՍՀՄ չեմպիոն, վանաձորցի Ստեփան Սարգսյանը: Նա ԽՍՀՄ հավաքականի կազմում մասնակցել է Սեուլի օլիմպիական խաղերին / 1988թ. /, նվաճել է արծաթե մեդալ ու հայրենիք վերադարձել փոխչեմպիոնի կոչումով:

Անվանի նախորդի հետքերով է գնացել Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, փոքրվեդեցի Արմեն Մկրտչյանը: Նա Ատլանտայի օլիմպիական խաղերում / 1996թ. / դարձել է երկրորդ մրցանակակիր ու պարգևատրվել արծաթե մեդալով:

Այդ հաջողությունից անցել է 28 տարի, կայացել են ամառային օլիմպիական վեց խաղեր, իսկ ազատ ըմբշամարտում հայաստանցի որևէ մարզիկի հաշվին օլիմպիական  մեդալ չի գրանցվել: Ինչ կտա Փարիզում երկու օրից մեկնարկելիք օլիմպիական << յոթերորդ ալիքը >>:

Պատասխանը կիմանանք շուտով: Բայց  որ  արդարացված սպասելիքներ ունենք՝ փաստ է: Չէ որ համաշխարհային 33 –րդ գլխավոր մարզահանդեսում մեր երկիրը  ներկայացնում են փորձառու  և տիտղոսակիր երկու վարպետներ.  Եվրոպայի ու աշխարհի բազմակի չեմպիոններ ու մրցանակակիրներ , մասիսցի Արսեն Հարությունյանը և արտաշատցի Վազգեն Թևանյանը:

Նշած երիտասարդների ընդհանուր պատրաստականության մասին  ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանն ասաց, որ մեր թիմը Վրաստանի, Մոլդովայի և Լեհաստանի ընտրանիների հետ  համատեղ ուսումնամարզական հավաք է անցկացրել Գորիում:

Նախապատրաստական մարզումները շարունակվում են մայրաքաղաքի Օլիմպավանում: Ամեն բան  ընթանում է ծրագրին համապատասխան: Պայմանները գոհացնում են, տղաները հաճույքով են մասնակցում պարապմունքներին, իսկ Արսենի և Վազգենի գործողություններում առկա են նպատակամղվածությունը և ուշադրության կենտրոնացումը: Սրանք չափազանց կարևոր հատկանիշներ են վերջին փուլի առումով, երբ անհատական աշխատանքներ են տարվում  հատկապես տեխնիկատակտիկական որակներում նկատելի թերությունները շտկելու ուղղությամբ:

Զրուցակիցը նախնական գուշակություններ չարեց, մանավանդ որ նա  քանիցս ապացուցել է, որ ինքը ոչ թե խոսքի, այլ՝ գործի մարդ է: Անշուշտ, իր օլիմպիականներին հիշեցրել է, որ արդեն փորձառու ըմբիշներ են, մասնակցում են իրենց  երկրորդ խաղերին . . .  :

Փարիզի ստուգատեսում, Հաբեթնակ Կուրղինյանից բացի,  տղաներին մրցագորգ կուղեկցեն նաև  իրենց անձնական մարզիչները. Արսենի պարագայում՝  Արշակ Հայրապետյանը, իսկ Վազգենի դեպքում ՝ Ռաֆիկ Գոլեցյանը:

Ուզում ենք հավատալ , որ նշած  ըմբիշները մրցումներում կմարտնչեն որպես  արժանապատիվ հայորդիներ, հաղթական մրցելույթներով մեդալակիր կդառնան ու պարզճակատ կվերադառնան հայրենիք:

Նրանք  մրցավայր կմեկնեն օգոստոսի վեցին: Արսեն Հարությունյանը մեկնարկի կելնի օգոստոսի ութին, իսկ Վազգեն Թևանյանը ՝ օգոստոսի 10 –ին:

 

 

 

 

Այլ նորություններ